Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Օշինդր դառը - Полынь горькая - Artemisia absinthium L.

Օշինդր դառը - Полынь горькая - Artemisia absinthium L.

Հայկական տարանունները - ափսինդ, բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ

Դեղաբույսի նկարագրությունը: Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 50-120 սմ բարձրության, ճյուղավոր ցողուններով, ծլարմատավոր, բազմամյա խոտաբույս է: Ունի արմատամերձ եռակի և ցողունային կրկնակի ճեղքված, հերթադիր, կոթունավոր, երկարավուն տերևներ: Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով: Ծաղկաբույլերը գնդաձև զամբյուղներ են, բաղկացած խողովակաձև, մանր, առանց բաժակների, շուրջ 85 դեղին ծաղիկներից, սերմիկները հակաձվաձև են, մանր, 1 կգ-ի մեջ` մոտ 10 մլն: Բույսը ծաղկում է հուլիս-օգոստոս, պտուղները հասունանում` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և արմատամերձ բողբոջներով: Ամբողջ բույսն ունի սուր եթերայուղային հոտ և չափազանց դառը համ` շնորհիվ աբսինթին և անաբսինթին գլիկոզիդների. բույսի դառնությոնը զգացվում է անգամ 1/10000 նոսրացումից: Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը:

 

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր: Գրականության մեջ նկարագրված 200 տեսակներից Կովկասում աճում են 28-ը, իսկ Հայաստանում` 15-ը, որոնցից միայն մի քանիսն ունեն բուժական նշանակություն: Մեր հանրապետությունում որպես մոլախոտ օշինդրը հանդիպում է բոլոր գոտիներում: Խառը բուսուտների ձևով աճում է շենքերի մոտ, ճամփեզրերին, աղբուտներում, խամահողերում, ցանքերում, ձորալանջերին, թփուտներում, այգիներում` հաճախ բարձրանալով ծովի մակերևույթից 1400-2500 մ բարձրության վրա:

 

Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»: Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ` Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով: Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ: «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից:

 

 

Քիմիական բաղադրությունը: Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սաթաթթու, խնձորաթթու, քացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիտներ, օսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին: Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից` տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ:

 

Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը: Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը: Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում: Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով: Այն կազմում է նախնականի 24-25%-ը:

 

Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն: Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը: Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից: Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց: Օշինդրը` գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ` ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ: Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց` այն վանում է ցեցին:

 

Մ. Հերացին դեղաբույսն` առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ: Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց: Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում: Ըստ բժշկապետի, դեղաբույսը` մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը: Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը` նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը` ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն` փսխման և վիժումների, Ըռուֆոսը` մաստիտների, Էհանան` բորբոքական ջերմերի ժամանակ և այլն:

 

 

Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները` եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին: Ծխելուց` տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ` կտրում է վերջինիս ցավը: Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց` առաջացնում է քուն:

 

Ռուսիայում բարձր են գնահատել օշինդրի հյութը` որպես վերքամոքող և «արյունը մաքրող» միջոց: Այստեղ դեղաբույսի եփուկը կիրառվել է ընդմիջվող կաղության, դեղնուկի, ջրգողության, ճիճվակրության, անքնության, լյարդի, միզապարկի և փայծաղի հիվանդությունների ժամանակ: Միջին Ասիայի ժողովուրդները բույսի ծաղկաթուրմն օգտագործում են խոցային կոլիտների, լուծերի, թութքի, մալարիայի, բերանի վատ հոտի, ատոնիկ փորկապության, աղեփքանքի, ճարպակալման, ընկնավորության, գարշահոտ հարբուխի ժամանակ և այլն: Հնդկական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է ընդմիջվող կաղության և ճիճվակրության ժամանակ, ինչպես նաև որպես ընդհանուր տոնուսավորող միջոց: Բուլղարիայում դեղաբույսն օգտագործում են ինչպես գերթթվային, այնպես էլ թերթթվային գաստրիտների, գեղձախտի, թոքային պալարախտի, ընկնավորության, լեղուղիների հիվանդությունների, անկանոն դաշտանի, սպիտակաթորանքի, անեմիաների, անքնության և բերանի վատ հոտի, Գերմանիայում` ստամոքսաաղիքային տրակտի սուր և քրոնիկական ախտահարումների ժամանակ: Ֆրանսիայում, ուր օշինդրն անվանում են «առողջության խոտ», օգտագործում են որպես ճիճվամուղ, հակասպաստիկ և խուխամուղ միջոց, ինչպես նաև անեմիաների և նևրասթենիայի ժամանակ: Ճիճվակրության դեպքում դեղաբույսն ընդունում են ինչպես ըմպելու, այնպես էլ հոգնայի ձևով` խառնելով սխտորահյութի հետ:

 

Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի: Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը: Գինու հետ ընդունելիս` օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը: Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ:

 

Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար: Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով` սալաջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ` որպես հուսալի ցավազրկող միջոց: Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ` ալկոհոլիզմի ժամանակ:

 

Օշինդրը օֆիցինալ է աշխարհի 24 երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ: Փորձնական տվյալները ցույց են տվել, որ դեղաբույսի պատրաստուկները, գրգռելով բերանի խոռոչի համզգաց նյարդերի ռեցեպտները, ռեֆլեկտոր կերպով ուժեղացնում են ստամոքսաաղիքային տրակտի գործունեությունը: Այս հարցում առաջնային դեր է խաղում աբսինթինը, որը, մասնավորապես, ընդունակ է դրդելու լեղարտադրությունը, ենթաստամոքսային գեղձի և ստամոքսի հյութազատությունը: Այն միաժամանակ ընդունակ է կանոնավորելու արյան ճնշումը, իսկ բարձր դոզաներ տալուց` սկզբում գրգռում, ապա ընկճում է կենտրոնական նյարդային համակարգը (Ա.Դ. Տուրովա): Բույսի եթերայուղի դրդիչ հատկությունն ուղեղի վրա, հիշեցնում է կամֆորան: Խամազուլենը ակտիվացնում է ռետիկուլա-էնդոթելային համակարգը և ֆագոցիտոզը, միաժամանակ ցուցաբերելով հակաբորբոքիչ ներգործություն: Այն կլինիկայում կիրառվում է բրոնխիալ ասթմայի, ռևմատիզմի, էկզեմայի և ռենտգենային ճառագայթումից առաջացած այրվածքների ժամանակ:

 

Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում` ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար: Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ: Պետք է հիշել, որ օշինդրի պատրաստուկները 1 ամսից ավելի չպետք է օգտագործել, քանի որ առաջ են բերում նյարդային գրգռվածություն, իսկ հղիության ընթացքում բացարձակապես հակացուցված են: Հոմեոպաթիայում դեղաբույսն օգտագործվում է հիպոացիդ բնույթի գաստրիտների, լեղուղիների հիվանդությունների և հարբուխի ժամանակ, իսկ անասնաբուժության մեջ` ախորժակը գրգռելու և մարսողությունը լավացնելու նպատակով:

 

Մենք դեղաբույսը թուրմի ձևով օգտագործել ենք քրոնիկական թերսեկրետոր, թերթթու գաստրիտների ժամանակ: Մեզ հաջողվել է վերահաստատել դեղաբույսի դրդիչ ներգործությունը ստամոսահյութի ժամային լարվածության, աղաթթվի դեբիտ-ժամի և հյութի պրոտեոլիտիկ ակտիվության վրա: Մենք նախկին աշխատանքներով պարզել ենք, որ այս բնույթի գաստրիտով հիվանդների 10%-ի մոտ առաջանում են գաստրոգեն բնույթի երկաթ-դեֆիցիտային անեմիա: Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները: Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է:

 

 

Կիրառման եղանակները: Ջրաթուրմ պատրաստելւ համար չոր հումքից 1-2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1 օրվա ընթացքում` 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում մեղրով, 1/4 բաժակ, օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 200 մլ ջրում եփում են 15 րոպե, ապա հովացնում ու քամում, ըմպում 1-2 թեյի գդալ` վերոհիշյալ ձևով: Հոգնայի նպատակով օգտագործելիս այս եփուկի 2 բաժակին ավելացնում են 1 պճեղ ծեծած սխտոր:

 

Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը` 1/5 հարաբերությամբ խառնելով 70° սպիրտի հետ, թողնում են թրմելու 6-7 օր, այնուհետև քամում ու ընդունում 15-20-ական կաթիլ` օրական 2-3 անգամ: Սերմերի յուղն օգտագործելու համար 1 մաս տրորված հումքը խառնում են 4 մաս ձիթապտղի յուղի հետ, թրմում 8 ժամ, ապա քամում ու ընդունում 1-2 կաթիլ` շաքարի վրա: Փոշին ընդունում են մի պտղուց (0,2-0,5 գ), օրական 3 անգամ: Թարմ հյութից քսուք պատրաստելու համար 1 մաս հումքին ավելացնում են 3 մաս վազելին և 1 մաս լանոլին, լավ խառնում և օգտագործում վերքեր բուժելու նպատակով: Ջրիկ մզվածքը բաց է թողնվում դեղատներում: Այն ընդունում են 1/2 թեյի գդալ` օրական 3 անգամ: Կլոր որդերի դեպքում վերցնում են 2-3 գ օշինդրի տերևափոշի, 2 գ մատուտակի արմատափոշի և 0,5 գ անիսոնի սերմնափոշի: Այս բոլորը տեղավորում են սև շլորաչրի մեջ և կուլ տալիս քաղցած ժամանակ, այսպես 5 օր շարունակ (ֆրանսիական եղանակ):

 

Լեղուղիների խիթերի ժամանակ Մ.Ա. Նոսալն առաջարկում է հավասարաչափ վերցնել օշինդր, եղեսպակ և գիհու պտուղներ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 30 րոպե թրմել 1 բաժակ եռման ջրում, ըմպել միանվագ` օրական 3 անգամ:

 

Ալկոհոլիզմի դեպքում առաջարկվում է վերցնել 1 մաս օշինդր և 4 մաս ուրց: Այս խառնուրդից 15 գ 15 րոպե եռացնել 200 մլ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ, 2-3 ամիս տևողությամբ:

 

Աղեփքանքի և լուծի հակման դեպքում վերցնում են 10-ական գրամ օշինդր և մատնունի, 20-ական գրամ հազարտերևուկ և ձիաձետ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` օրական 2 անգամ: Խոլեցիստիտների և խոլանգիտների ժամանակ հավասարաչափ վերցնում են օշինդր, ծորենու և գիհու պտուղներ, կեչու տերևներ և հազարտերևուկ: Այս խառնուրդից 1 թեյի գդալ 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում միանվագ` առավոտյան և երեկոյան ժամերին: Լեղամուղ № 3 թեյի մեջ մտնում են 2-ական մաս օշինդր, հազարտերևուկ, սամիթի և անանուխի սերմեր, 3 մաս անթառամ: Այս խառնուրդից 2 թեյի գդալ 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը ջրում և ըմպում կումերով, մեկ օրում:

 

Ախորժակաբեր № 1 թեյի մեջ հավասարաչափ մտնում են օշինդր և հազարտերևուկ, № 2-ի մեջ` օշինդր, խնկեղեգ, ջրառվույտի կոճղարմատ և քեմոնի սերմ, № 3-ի մեջ` 2-ական մաս օշինդր և հազարտերևուկ, 1 մաս խատուտիկի արմատ, № 4-ի մեջ` 7-ական մաս օշինդր և ջրառվույտի տերև, 6 մաս ոսկեհազարուկ և վերջապես № 5-ի մեջ` հավասարաչափ օշինդր և ջրառվույտ: Այս բոլոր թեյերն օգտագործվում են նույն նպատակի համար և նույն եղանակով. այսպես, 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում 1-ական ճաշի գդալ, 10-15 րոպե ուտելուց առաջ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Օշինդրն օգտագործվում է որպես համեմունք որոշ ճաշատեսակների, իսկ եթերայուղը` սպիրտային խմիչքների արտադրության մեջ: Ընտանի կենդանիներն ուտում են սակավ, իսկ սիլոսի ձևով` բավական լավ: Այս դեպքում կաթն ունենում է օշինդրի համ ու հոտ: Բույսը լավ ուտում են ճագարները, կտորեղենը ներկում է կանաչի տարբեր երանգներով:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի Maria, բարև Ձեզ, Ձեզ ենք ներկայացնում աղյուսակ, որտեղ պարզորոշ ներկայացված են դեղաբույսերի ցուցակը, թե հղիության ժամանակ ինչ կարելի է օգտագործել, ինչը՝ ոչ: Այնտեղ ներկայացված է նաև օշինդրը (Полынь):

http://travnick-altay.com/article_info.php?articles_id=1

maria

14.05.2014

dar@ oshindr@ kareli e ogtagorceel kerakrelu @ntacqum

կարապետ

16.07.2012

Ծով օգտակար ինֆոռմացիա , շնորակալություն :

Med-Practic

08.03.2012

Հարգելի Նարինե, նույն հեղինակի` Ա. Թորոսյանի,  "Հայաստանի դեղաբույսերը" գրքում զետեղված այլ դեղաբույսերում նշվում են վնասակար հատկությունների մասին: Կարող եք դիմել այլ աղբյուրների` օրինակ. http://stoletnik.narod.ru/sokrovishnitsa/sokrovishnitsa59.html

Նարինե

09.11.2010

Բավականին հետաքրքիր ու կարևոր ինֆորմացիա ստացա բույսի դրական հատկանիշների վերաբերյալ, բայց կցանկանայի իմանալ նաև նրա վնասակար հատկանիշների մասին։

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ